ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Բաց նամակ

Բաց նամակ
13.07.2024 | 14:56

ՀՀ վարչապետ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀՀ նախագահ Վահագն ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ խորհրդին հայտնի է դարձել, որ կինոյի պետական կառավարումը իրականացնող կառույցը՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, խախտելով իր կանոնակարգը, 2024 թ․-ի հունվարին, ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթով, ծախսել է ՀՀ պետական բյուջեով 2024 թ․-ի ֆիլմերի արտադրության համար նախատեսված ամբողջ գումարը։

Կինոկենտրոնը նաև պայմանագրեր է կնքել մեկ տասնյակից ավելի կինոարտադրողների հետ, ստանձնելով նրանց՝ թվով 12 կինոնախագծերի ֆինանսավորման պարտավորություններ, արդեն 2025 թ․-ին նախատեսվող բյուջետային միջոցների հաշվին։

2024 թ․-ի ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթը ամբողջությամբ արտացոլել է կինոկենտրոնի կառավարման մեջ արմատացած արատավոր բոլոր դրսևորումները՝ արտոնյալ արտադրողների բազմակի ֆինանսավորումից մինչև կինոնախագծերի կրկնաֆինանսավորում։

Հաշվի առնելով այն, որ «Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ Օրենքի» պահանջով, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը ենթակա է լուծարման և 2024 թ․-ի հունվարին անցկացրած մրցույթը այդ կառույցի կողմից կազմակերպվող վերջին մրցույթն էր, Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան հիմքեր ունի կասկածելու, որ կինոկենտրոնը գերազանցել է իր լիազորությունները գիտակցաբար։

Կառույցը կուտակել է պարտքեր, կրկնաֆինանսավորել է ֆիլմեր, վատնել է 2024 թ․-ի ողջ բյուջեն, 2025 թ․-ի բյուջեի մի մասը, թույլ է տվել կանոնակագի մի շարք կոպիտ խախտումներ, անլուծելի թվացող այս խնդիրների ծանր բեռը թողնելով իր իրավահաջորդի՝ կինոյի պետական կառավարումն իրականացնող նորաստեղծ կառույցի՝ «Հայաստանի Կինոյի հիմնադրամի» ուսերին։

Արդյունքում վտանգված է 2024 թ․-ին ֆիլմերի ֆինանսավորման երկրորդ մրցույթի անցկացումը՝ ֆիլմերի արադրության համար բյուջետային միջոցների սպառված լինելու պատճառով։ Իսկ դա նշանակում է, որ երկրորդ մցույթին պատրաստ կինոնախագծերի հեղինակները ստիպված են խզել կամ սառեցնել միջազգային գործըներների հետ կնքված պայմանագրերը, չեղարկել միջազգային հիմնադրամների աջակցության հայտերը, հրաժարվել իրենց արտադրական պլանից։

Տարեկան բյուջեն ժամկետից շուտ ծախսելու հիմնավորմամբ պետական կինոկառույցի կանոնակարգով նախատեսված ֆիլմերի ֆինանսավորման մրցույթի չեղարկումը միջազգային կինոարտադրության մեջ չլսված, բացառիկ նախադեպ է։ Դա ահռելի վնաս կհասցնի հայկական կինոարտադրությանը և Հայաստանի համբավին։ Միանգամայն կանխատեսելի է նաև կինոյի մասնագիտական կառույցների, ֆոնդերի, պոտենցիալ ներդրողների խիստ բացասական արձագանքը։

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ խորհուրդը դիմում է ՀՀ պատկան մարմիններին կոչով՝ քննարկել այս իրավիճակը և հանգուցալուծման ուղիներ գտնել, նաև ողջամիտ բացատրություններ պահանջել այս իրավիճակի պատասխանատուներից և ապահովել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված, գործող կանոնակարգով ամրագրված, 2024 թ․-ի երկրորդ մրցույթի անցկացումը։

Մենք պահանջում ենք՝

ա) Կինոյի պետական կառույցի գործող կանոնակարգով ամրագրված ժամկետներում կազմակերպել 2024 թ․-ի ֆիլմերի ֆինանսավորման երկրորդ (ամառային) մրցույթի անցկացումը։

բ) Ապահովել 2024 թ․-ի ֆիլմերի ֆինանսավորման երկրորդ մրցույթի անցկացման համար անհրաժեշտ, 2024 թ․-ի ՀՀ պետական բյուջեով կինոնախագծերի ֆինանսավորման համար նախատեսված տարեկան գումարի ոչ պակաս, քան կեսի առկայությունը։

գ) Զերծ պահել «Կինեմատոգրֆիայի մասին ՀՀ Օրենքի» պահանջով ստեղծված «Հայաստանի Կինոյի հիմնադրամը» իր նախորդի՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի թույլ տված խախտումների արդյունքում կուտակած խնդիրներից, որոնք, ձևավորման վաղ փուլում, կարող են կործանարար լինել նորաստեղծ կառույցի համար։

Հարգանքով՝

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆ | կինոռեժիսոր, պրոդյուսեր

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ Խորհրդի նախագահ

ՖԱՀՖ Panarmenian Federation of Film Producers ՀԿ խորհուրդ

ՍԱԹԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ | Խորհրդի քարտուղար

ՄԵՐԻ ԱԴԱՄՅԱՆ | Խորհրդի անդամ

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ| Խորհրդի անդամ

ԿԱՐԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ| Խորհրդի անդամ

9 հուլիսի, 2024 թ. Երևան

Դիտվել է՝ 5016

Մեկնաբանություններ